25 հուլիսի 2018 - 13:42 AMT
Հունաստանում հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհներն առնվազն 60 մարդու կյանք են խլել:

Զոհվածներից բացի հայտնի է 164 տուժածի մասին, որոնց թվում 16 երեխա կա, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Վերջին օրերին Հունաստանում 40 աստիճան շոգ է, իրավիճակը վատթարացնում է ուժեղ քամին, որի պատճառով հրշեջները չեն կարողանում մարել կրակը:

Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել:

Դատախազությունը հետաքննություն է սկսել բռնկումների պատճառների վերաբերյալ, հրդեհաշիջման աշխատանքներին կմասնակցեն նաև զինվորականները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին անտառային հրդեհների կապակցությամբ: