29 ապրիլի 2008 - 17:20 AMT
Կանադայի գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմ են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Ապրիլի 24-ին Կանադայի հայ համայնքի ավելի քան հազար ներկայացուցիչ հավաքվել են Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մասնակցելու համար, հաղորդում է Կանադայի Հայ Դատի Հանձնախումբը: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց եւ այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Ապա, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Սենատին եւ Կանադայի Համայնքների պալատին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւ ընդունելու համար: «Ես, որպես կանադահայ, հպարտությունում եմ զգում` լսելով Հայոց ցեղասպանության հարցում Կանադայի կառավարության դիրքորոշման հաստատումը»,- հայտարարել է Ժ. Բազմաջյանը: Նա նաեւ ողջունել է այն թուրք գիտնականներին, գրողներին եւ պատմաբաններին, ովքեր իրենց անձնական եւ արդար կարծիքն են հայտնել Ցեղասպանության հարցով:

Կանադայի Պահպանողական կուսակցության նախագահ Պյեր Լեմյուն իր ելույթում նշել է, որ Կանադայի հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում: Նա ընդգծել է, որ ինչպես պաշտոնական ընդդիմությունն ու կառավարությունը, Պահպանողական կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է այդ դիրքորոշմանը հարազատ մնալ:

Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Բերնարդ Պարտին կանադական ընդդիմության առաջնորդ Սթիվեն Դիոնի անունից ցավակցություններ է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ:

Կվեբեկի Դաշինքը ներկայացնող Նիկոլ Դեմերսը կոչ է արել հայերին շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ կանգ չառնել ձեռք բերածի վրա: Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պոլ Դեւարը կարդացել է կուսակցության առաջնորդ Ջեք Լեյտոնի ուղերձը, որում նա հայտարարել է, որ դեմոկրատական կուսակցությունը աշխատելու է հայ համայնքի հետ, որպեսզի այլ երկրները եւ կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, ճանաչեն հայերի դեմ կատարված հանցագործության փաստը:

Հասարակական հարաբերությունների հարցով Տորոնտոյի պոնտական համայնքի տնօրեն Ժան-Կարլոս Ցիլֆիդիսը իր ելույթում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին, սակայն ցավոք վերջին Հոլոքոստը չէր: «Ցավոք, քանի որ մինչեւ հիմա կան մարդիկ, ովքեր հերքում են Ցեղասպանության փաստը: Մենք պետք է ճչանք ճշմարտության մասին: Այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքումը դարձել է ազգային դոկտրին»,- հայտարարել է Ժան-Կարլոս Ցիլֆիդիսը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Կեն Խաչիկյանը ողջունել է Կանադայի կառավարության դիրքորոշումը եւ դատապարտել է թուրքական կառավարության եւ դրա կողմնակիցների դիրքորոշումը, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը: «Կանադայի խորհրդարանի եւ վարչապետի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը խոսում է խիզախության մասին, որով նա առաջնորդվում է իր գործողություններում, հետեւելով իր իդեալներին, եւ այն հատուկ դերակատարման մասին, որ Կանադայում ընձեռվում է մարդու իրավունքներին»:

«Ցեղասպանությունները կարող են կանխվել, եթե վերջ դրվի արդեն կատարված ցեղասպանությունների հերքմանը: Հայերը շատ ընդհանուր բաներ ունեն հրեաների, ասորիների, Կամբոջայի, Ռուանդայի բնակիչների եւ բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք անցել են ցեղասպանության միջով: Մենք հուսով ենք, որ անցյալի հանցագործությունները երբեք չեն կրկնվի ոչ մի տեղ աշխարհում»,- նկատել է Կեն Խաչիկյանը: Իր ելույթի վերջում ANCA-ի նախագահը հայտարարել է, որ հերքումը խոչընդոտ է ճշմրատության հասնելու ճանապարհին, իսկ առանց ճշմարտության հնարավոր չէ արդարության հասնել:

Հիշատակման արարողությունից հետո հավաքվածները շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ բողոքի ցույց են անցկացրել եւ կոչ են արել Թուրքիայի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: