25 հուլիսի 2018 - 15:28 AMT
Ալիկ Սարգսյանը քաղհայցով կդիմի դատարան՝ բարոյական վնասի հատուցում պահանջելով Արարատի նախկին մարզպետից

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն Արարատի նախկին մարզպետի մեղադրանքները շանտաժ և իր անձը վարկաբեկելու փորձ է համարում։ Սարգսյանը տեղեկացրել է, որ հուլիսի 26-ին առաջին անգամ այս գործի շրջանակներում Քննչական կոմիտե է գնալու ցուցմունք տալու, իսկ հուլիսի 25-ին քաղհայցով դիմելու է դատարան ու պատիվ պահանջելու Հովակիմյանից իր հասցեին անտեղի հերյուրանքներ հնչեցնելու համար:

«Երբ ստացա առաջին նամակը, լուրջ չվերաբերվեցի դրան։ Պատռեցի նամակը, որովհետև սա իր գործելաոճն է։ Կարծում եմ՝ ես առաջինը չեմ, որ նման իրավիճակում է հայտնվել», - լրագրողների հետ զրույցում նշել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ սկզբում լուրջ չի վերաբերվել այդ ամենին, բայց մեկ տարի հետո կրկին նամակ է ստացել, հետո էլ, ըստ բանախոսի՝ նախկին մարզպետը մարդ է ուղարկել իր մոտ՝ հորդորելով իր փողերը վերադարձնել, այլապես նա կխնդրի Սերժ Սարգսյանին պաշտոնից ազատել իրեն։

Ալիկ Սարգսյանը նաև նշել է, որ Վարդգես Հովակիմյանը մարզպետ նշանակվելուց հետո հասկացել է, որ չի կարող չարաշահումներ իրականացնել ու իր ծրագրերը կյանքի կոչել, դրա համար էլ սկսել է իր դեմ ուղղված գործողություններ իրականացնել։

«Այսօր քաղհայցով մտնելու եմ դատարան ու պատիվ պահանջեմ։ Ես նախընտրում եմ բարոյական վնասի փոխհատուցում, իսկ եթե նրան ֆինանսական տույժի ենթարկեն, ապա այդ գումարը կուղղվի բարեգործական ինչ-որ ֆոնդի։ Այդ ամենը թափանցիկ կլինի, ու դուք կտեսնեք, թե ուր է դա ուղղվել։ Բայց ինձ համար ավելի կարևոր է բարոյական վնասի փոխհատուցումը, որ նա մասսայական ներողություն խնդրի իմ հասցեին հերյուրանքներ հնչեցնելու համար», - հավելել է Սարգսյանը։

Վերջինս նկատել է, որ տարօրինակ է համարում արտաշատցիների լռությունն այս առնչությամբ՝ ընդգծելով, որ բազմիցս աջակցել է նրանց ու բոլորը գիտեն ինքն ով է, բայց այս պահին բոլորը լռում են ու չեն բարձրաձայնում, որ ինքը երբեք նման վարքագիծ չի դրսևորել։

Արարատի նախկին մարզպետը մամուլում նամակ էր հրապարակել՝ հայտարարելով, թե Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ աշխատած տարիներին աշխատանքի տեղավորելու համար կաշառք է պահանջել, և մարդիկ, որոնց համար միջնորդել է նախկին մարզպետը, մեծ գումար են տվել։Նախկին մարզպետն ասել է նաև, որ մինչև աշխատանքի տեղավորման հրամանը կտար, ինքն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և պաշտոն ստանալու համար կաշառք ստացած անձինք չեն նշանակվել:

Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը Քննչական կոմիտեին հաղորդում էր ներկայացրել նախկին պաշտոնյայի հանցագործության մասին: