25 հուլիսի 2018 - 16:23 AMT
Միլիարդավոր դրամների չարաշահում՝ Դիլիջանի ՊԵԿ ուս.կենտրոնի շինարարությունում

Նախկինում ՀՀ ֆինանսների նախարարությանը պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով բացահայտվել են չարաշահումներ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշվում է, որ ֆինանսների նախարարության և ՊԵԿ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները:

«Ընկերության նկատմամբ չի իրականացվել ոչ հեղինակային, և ոչ էլ որակ իտեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ավելի քան 2,3 մլրդ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը», - նշվում է հաղորդագրության մեջ:

2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ, Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, իր շարժական և անշարժ գույքով ամրացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այն ունի ավելի քան 15 մլրդ դրամ սկզբնական և 12 մլրդ դրամ հաշվեկշռային արժեք, 7.34123 հա հողատարածք: