
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով15,2 մլն դրամի չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցող «Ռեքվիեմ» ՍՊ ընկերությունում, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Նախնական քննության տվյալներով՝ թաղման ընկերության տնօրինությունը 2014-2016թթ.ընթացքում հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում շահույթի, շրջանառության, եկամտի վերաբերյալ ներառել է կեղծ տվյալներ՝ առերևույթ խուսափելով հարկային պարտավորությունների լիարժեք կատարումից։
Ընկերության տնօրենը, հարկերի վճարումից խուսափելու նպատակով ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ կեղծ տվյալներ. այն է`2015-2016 թթ. հաշվետու ժամանակահատվածների համար հարկային տեսչություն է ներկայացրել միայն շրջանառության հարկի հաշվարկներ, մինչդեռ նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով պետք է ներկայացներ նաև շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով հաշվարկներ: 2014թ. 4-րդ եռամսյակի համար կազմված շրջանառության հարկի հաշվարկում պակաս է հաշվարկել ընկերության շրջանառության հարկի շրջանառությունը:2016թ. մարտ ամսին ԵՏՄ անդամ պետությունից ներմուծված ապրանքների դիմաց հարկային տեսչություն ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում պակաս է նշել ավելացված արժեքի հարկի հարկվող բազան, ինչպես նաև չի հաշվարկել և վճարել ներմուծված ապրանքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպել իր ընկերությունում փաստացի աշխատող թվով 8 անձի աշխատանքի ընդունումը, ինչպես նաև՝ եկամտային հարկի հաշվարկներում չի ներկայացրել այդ աշխատակիցների մասով վճարված եկամուտներն ու այդ եկամուտներից պահվող հարկի գումարները:
Ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալի կողմից նախաքննության ընթացքում մասնակի՝ 6,7 մլն դրամի չափով, վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, իսկ մնացածի վճարումը կիրականացվի հարկային մարմնի հետ կնքվելիք ժամանակացույցին համապատասխան:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: