Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լոգոն և կարգախոսը հաստատվել են

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լոգոն և կարգախոսը հաստատվել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը.նշվել է, որ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվել է հատուկ վեբ-կայք, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը:

«Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարևորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության և պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան և ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ: Միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաև ֆրանսախոս կամավորականներ:

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն. նախատեսվում է, որ դրանց թիվը կհասնի 350-ի, իսկ ֆորումի ընթացքում կկնքվեն նաև գործակցության հուշագրեր: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի նոր հիմնարար փաստաթղթի՝ «Ապրել միասին» պակտի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսը, արդեն իսկ տարբեր երկրների լրագրողներ ներկայացրել են հայտեր՝ գագաթնաժողովն ու դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները լուսաբանելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---