
ՀՀ բնապահպանության նախարարությունը Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է բնապահապնության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոններ գումարվել են իրար», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ ջրիմուռների աճը ոչ միայն Սևանում է, այլ նաև այլ ջրավազաններում: «Մի քանի գործոն է նպաստում՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ», - ասել է նա:
Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ լայնածավալ ու հիմնական ուսումնասիրությունները կարվեն հուլիսի վերջում:
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ամբողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։