Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին

PanARMENIAN.Net - Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը։

Գրառման մեջ նա հիշեցրել է, որ 2005-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիայի» ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործան հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը:

Նշվում է, որ մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ կինոյի ժառանգության հետ «վարվեց այնպես, ինչպես ուզեց ու որքան կարողացավ»:

«2015-ին պայմանագրի լուծարումից հետո ՀՀ կառավարության որոշումով հայկական կինոյի ժառանգությունը վերադարձվեց իրավատիրոջը՝ ՀՀ մշակույթի նախարարությանը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին կայացրեց մեկ այլ տարօրինակ որոշում և հայկական կինոյի ժառանգության վերարտադրման, տարածման, վարձույթի, փոխատվության, թարգմանության, հրապարակային ցուցադրման, հանրության հաղորդման, հեռարձակման և վերահեռարձակման իրավունքները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին: Այդ կառույցն էլ անհասկանալի սառնասրտությամբ իրացրեց պայմանագրով իրեն տրված իրավունքները: Հայ կինոյի ժառանգությունը որբի գլուխ էր դարձել, որ ամեն ոք ուզածի պես ու իր ճաշակով խուզում էր:

Իսկ հիմա սպասված ուրախալի լուրի մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրի գործողությունը համարվել է ավարտված և Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին»,- գրել է Մովսիսյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---