Իտալիայի նախագահ. Հայերի հետ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչ ենք

Իտալիայի նախագահ. Հայերի հետ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչ ենք

PanARMENIAN.Net - Իտալիայի նախագահի այցը կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սերջիո Մատարելլան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը և մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ և իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լավ հիմք:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են հատկապես պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ և պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ ևս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ այն միայն քաղաքական է:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջև ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձևավորումը:

Հայաստանի վարչապետը և Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով:Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ, նա կհյուրընկալվի նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---