Վանուշ Խանամիրյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել. Մեղադրանք է առաջադրվել

Վանուշ Խանամիրյանին նվիրված  երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել. Մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մենակատար Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել. դրանք իրացրած անձանց ինքնությունը պարզվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, սակայն տոմսերում մատնանշված օրը պարզել են, որ իրականում նման միջոցառումներ նախատեսված չեն եղել։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առերևույթ խարդախությունն իրականացվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորների կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը՝ ծնված 1976թ, իրականում չնախատեսված մշակութային միջոցառման մասնակցության կեղծ տոմսերի իրացմամբ տարբեր անձանցից գումարներ հափշտակելու շուրջ 2016թ. մայիսին նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում գտնվող մեկ այլ կալանավորի հետ, ծրագրել ու մշակել է կալանավայրից առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

42-ամյա տղամարդը, համացանցի միջոցով ձեռք է բերել տարբեր պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների ու ընկերությունների հեռախոսահամարները, զանգահարել և դրանց տնօրեններին ներկայացել իբրև Երևանի քաղաքապետարանի աշխատակից, տեղեկացրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված ենթադրյալ միջոցառման կազմակերպման մասին և առաջարկել գնել տոմսեր: Իսկ նույն ՔԿՀ-ի մյուս կալանավորը, մոլորեցնելով ազատության մեջ գտնվող իր ծանոթներին, նրանց միջոցով իրականացրել է այդ տոմսերի առաքում-վաճառքը, դրանց գումարների հավաքագրումը: Արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ընկերությունների հետ, իսկ կեղծ տոմսերից ստացված գումարները հափշտակվել են:

Բացի այդ, 42-ամյա կալանավորը, գայթակղվելով կատարված առերևույթ խարդախության հաջողությունից, 2016թ. սեպտեմբերին շարունակել է նույն գործունեությունը, այս անգամ՝ միանձնյա: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 42-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մյուս կալանավորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 42 անձ ճանաչվել է տուժող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---