2 մայիսի 2008 - 17:52 AMT
Բակո Սահակյան. Հայ ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, միայն այդպես է հնարավոր լուծել մարտահրավերներն ու հիմնախնդիրները
Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես, ասվում է. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան մեր հողում: Ուխտագնացության մասնակիցները օրհնություն են ստացել համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ, շարունակելով իրենց երթը, հասել մինչեւ Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի: Սա ինքնին խոր իմաստ է պարունակում իր մեջ եւ նախանշում մեր հետագա հաղթանակների ուղին: Հաճելի է նշել, որ ուխտավորների մեծ մասը կազմում են հայ երիտասարդները աշխարհի տարբեր ծայրերից: Դա լավագույն վկայությունն է այն բանի, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր ժողովրդին բնորոշ հիմնական հատկանիշներից են:

Իր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե եղել է միասնական: Այս աննախադեպ նախաձեռնությունն էլ իր մեջ պարունակում է հենց այդ միասնականության կարեւորագույն տարրերը: Այն խորհրդանշում է պետություն-հասարակություն- եկեղեցի անսասան կապը: Գոհունակության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ այս համահայկական միջոցառման կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել են մեր ազատամարտիկները եւ պաշտպանության նախարարությունը:

Չափազանց կարեւորում եմ տարբեր սերունդների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը նման համազգային ձեռնարկումներին: Այստեղ են անվանի հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ, Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկներ, հերոս նահատակների մայրեր, ինչպես նաեւ մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ուխտագնացության մասնակիցները ներկայացնում են հայ ժողովրդի տարբեր հատվածները` եւս մեկ անգամ ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերը մեր կյանքում:

Ողջունելի է այն հանգամանքը, որ այս ուխտագնացությանը մասնակցում են նաեւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Այսօր, ավելի քան երբեք, մեր ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու համերաշխ: Բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որ ծառացած են մեր երկու հայկական հանրապետությունների առջեւ, հնարավոր է լուծել միայն ու միայն այդ ճանապարհով: Մեր ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մենք այլ ելք չունենք: Դա է ժամանակի հրամայականը եւ մեր հաղթանակների հիմնական գրավականը: Այդ ուղով պետք է շարունակենք մեր ընթացքը, կերտենք մեր Հայրենիքի ու մեր սերունդների, յուրաքանչյուրի բարեկեցիկ ապագան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից կրկին անգամ ողջունում եմ համահայկական ուխտագնացության բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին, «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» եւ «Հոգեւոր-մշակութային վերածնունդ» հիմնադրամներին, երիտասարդական միություններին եւ ուսանողական կոլեկտիվներին, բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել եւ իրականացրել են այս կարեւոր առաքելությունը: Հաջողություն ձեզ եւ ամենայն բարիք: Վստահ եմ, որ այս բացառիկ համազգային միջոցառումն իր նշանակալի դերակատարությունը կունենա մեր ժողովրդի միասնական կամքն ու ոգին էլ ավելի ամրապնդելու գործում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության հզորացման ու բարգավաճման»: