Քոչարյանի փաստաբաններ. ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը

Քոչարյանի փաստաբաններ. ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով երեկ հանրային հեռուստաընկերությանը տված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններին, ասել է, որ Հատուկ քննչական ծառայության պետը միջամտում է արդարադատությանը:

«Հայաստանի օրենսդրության համաձայն, պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը։ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը անմիջական միջամտություն է արդարադատության պրոցեսին», - ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նույն պնդումն արել է նաև պաշտպանական խմբին նոր միացած Հայկ Ալումյանը. «Ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդպես միանշանակ։ ՀՔԾ պետը կարող է ասել՝ մենք համարում ենք այսպես կամ այնպես, բայց ինքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից կհտևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը։ Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումն է»։

Խմբի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ ՀՔԾ պետի գնահատականները լսել է նաև այն դատավորը, որը Վերաքննիչ դատարանում պետք է քննի բողոքը։ «Մարդը կարող է վախենալ։ Այս տեսակետից հարիր չէր նրա ելույթը», - հավելեց Սահակյանը։

Օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետը հայտարարել էր, որ, իր կարծիքով, վերաքննիչ դատարանը պետք է մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքը Քոչարյանին կալանավորելու դեմ։

«Հուսով եմ, Վերաքննչի դատարանը ճիշտ կգնահատի Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթն իրականացնող մարմնի ունեցած փաստարկները։ Կալանավորումն այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում։ Տվյալ դեպքում պրն Քոչարյանն ինքնակամ է ներկայացել, չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից։Ազատության մեջ մնալով նա կարող է խոչընդոտել քննությանը` որոշակի մարդկանց վրա ազդեցություն գործելով», - ասել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---