Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել. Ապօրինի հարստացել է

Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել. Ապօրինի հարստացել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է, հայտանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

« Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25 մլն դրամ, $29,000 և 17,400 եվրո դրամական միջոցներ: Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350 մլն դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է», - նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---