5 մայիսի 2008 - 18:54 AMT
«Նեստլե» ընկերությունը չկարողացավ դիմակայել Ադրբեջանի ճնշմանը
«Նեստլե» ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել Ադրբեջանի իշխանություններից պետության մասին «սխալ» տեղեկատվության համար, որ պարունակում էր որպես նվեր տարածվող խտասկավառակը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունում հաստատել են, որ «Նեստլեն» դադարեցնում է «Կոսմոսթարզ» պատրաստի նախաճաշերի վաճառքը, որոնց հետ որպես հավելված բաժանվում են «Հետաքրքրական գիտություն` ուղեւորություններ» խտասկավառակը: Մասնավորապես, խտասկավառակում ասվում է. «Մի ժամանակ Ադրբեջանը Խորհրդային Միության մաս էր կազմում: Սակայն, անկախություն ստանալով, նա պատերազմ հայտարարեց իր հարեւան Հայաստանին»:

Ընդ որում իրավիճակի զարգացմանը զուգահեռ «հայտնվեց» նաեւ Լեռնային Ղարաբաղը, թեեւ, ըստ Day.az-ում զետեղված Ադրբեջանին վերաբերող սքրինշոթի, Ղարաբաղի մասին այնտեղ ոչ մի բառ չի եղել: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում դա հաստատել է նաեւ ընկերության հասարակության հետ կապերի մասնագետ Անաստասիա Շեստակովան, որը հայտարարեց, թե այդ խտասկավառակներում Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվություն ընդհանրապես չի եղել:

Ընդ որում նա հավելել է, որ երեք շաբաթվա ընթացքում խտասկավառակները կառգրավվեն եւ կոչնչացվեն:

Ավելի վաղ ընկերությունում պարզաբանեցին, որ խտասկավառակները թողարկվել են 1996թ. «ԴԿ Մուլտիմեդիա» անկախ ընկերության կողմից: «Նեստլեն» գնել է պատրաստի արտադրանքը եւ նրա մշակմանը չի մասնակցել: