ՏՄՊՊՀ. Սոցկարևորության հիմնական ապրանքաշուկայում գնաճ չկա

ՏՄՊՊՀ. Սոցկարևորության հիմնական ապրանքաշուկայում գնաճ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային:

Հանձնաժողովի կողմից կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ, որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով արձանագրվել է գնի նվազում (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու, կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն), հայտնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին: Գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում: Բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով:

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են:

Նշվում է նաև, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենի թանկացման հետ: ՀՀ Մրցակցային մարմինը, օրենքի պահանջին համապատասխան վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչն այս պարագայում առկա չէ: Գյուղատնտեսական մթերքների շուկայում գործունեություն են իրականացնում հարյուրավոր փոքր և միջին մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան։

Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Լիազոր մարմնի պարզաբանմամբ, խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով:

Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա դիտանցումները սոցիալական նշանակության խոշոր ապրանքային շուկաներում և չարաշահման փաստեր հայտնաբերելու դեպքում կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---