
«Իմ քայլը» հիմնադրամը «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու կարողացել է ապահովել պակասող կրթաթոշակով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Հուսամ՝ նրանք հաջողությամբ կգնան իրենց դասերին»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամին, որի հետ համագործակցության արդյունքում է հաջողվել հասնել արդյունքի։ «222,000 դոլար ներդրում կատարեցին իրենք այս գործին»,-ասել է ՀՀ վարչապետի տիկինը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Հայ բարեգործական ընդհանուր միությանը»՝ 200,000 դոլարի ներդրման համար, Վան Լափոյան կանադահայ գործարարին, որը 70,000 դոլարի չափով էր նվիրատվություն է արել։ Աննա Հակոբյանն ասել է, որ ունեցել են նաև անանուն բարերար, որը չի ցանկացել իր անունը հնչի։
«Ընդհանուր առմամբ, 517,000 դոլարի ներդրում է եղել հիմնադրամի հաշվին»,-ասել է նա։
Աննա Հակոբյանն նշել է, որ այս ամենն արվել է արտակարգ պայմաններում։«Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով լուծում տալ այն խնդրին, որի առաջ կանգնած ենք եղել, մենք սկսել ենք քննարկում ՀԲԸՄ-ի հետ, ինչպես նաև շատ այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես պետք է այս հարցը հիմնավոր լուծում ստանա»,-ասել է Հակոբյանը։
2018-ի մայիսին ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանը նամակ էր հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին՝ նշելով, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու «ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»։
«Լույսը» ստեղծվել է 2009-ին։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհում ՀՀ-ն ունեցել է մոտ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։