«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է արագացնել Հյուսիս-հարավի շինաշխատանքները

«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է արագացնել Հյուսիս-հարավի շինաշխատանքները

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ։

Անդրադառնալով ներկա իրավիճակին` նախարարը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ՝ հանձնարարելով արագացնել շինաշխատանքները։

Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, և առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։

Հանդիպման ընթացքում «Սինոհիդրոյի» ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։

Նախարարը հանձնարարել է արագացնել ձևակերպումների գործընթացը։ Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Աշոտ Հակոբյանը կմեկնի շինտեղամաս` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին`ակնկալելով, որ մինչ այդ բոլոր փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն և կատարվող աշխատանքի ծավալն ու տեմպը կկրկնապատկվի, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել։ Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշել են, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։

Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների և այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։ Ուստի, որոշվել էր այն քանդել և նոր, որակով բետոնապատում կատարել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---