Մեղրի ավանդական փառատոնը Տավուշում կմեկնարկի օգոստոսի 11-ին

Մեղրի ավանդական փառատոնը Տավուշում կմեկնարկի օգոստոսի 11-ին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-12-ին 7-րդ անգամ կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկը օգոստոսի 11-ին և 12-ին արդեն 7-րդ անգամ կհյուրընկալի փառատոնը։ Հայաստանի ամենաքիչ բացահայտված մարզում «Տավուշի զարգացման հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի և մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները վայելում են ջազային հնչեղ կատարումներ։

Ծրագիրն իրականացվում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և ֆրիներջի ընկերության աջակցությամբ:

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար։ 2017-ին միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել նաև զբոսաշրջային զգալի ներուժի մասին։

«Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, հրաշալի մարդկանցով, համեղ պտուղներով և խոհանոցով։ Փառատոնը մեր հայրենակիցներին և հյուրերին այս ամենի ներկայացման հրաշալի հնարավորություն է»,- ասել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Բացի քաղցրահամ մեղրից, վայրի մոշից, մորիից, նույնիսկ հապալասից և իհարկե բացօթյա ջազ համերգից, կազմակերպիչները մի շարք անակնկալներ են խոստանում։ Նաև կկազկերպվի մասնակիցների տեղափոխման և գիշերակացի հարցը` թե հացուկաց և հյուրանոցային, թե վրանային ճամբարի միջոցով։

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» կազմակերպվում է 2012 թվականից։ Փառատոնի հիմնական մասնակիցները տարածաշրջանի բնակչությունն է` իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքով, արվեստով և արհեստներով։ Այս ամենն ուղեկցվում է հայկական խոհանոցի ավանդական համեղ ուտեստների մատուցմամբ և հրաշալի երաժշտությամբ։ Սովորաբար մասնակիցների թիվը 2000-ից ավելի է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---