Տավուշում տեքստիլ արտադրող ընկերությունն առաջիկայում մտադիր է 1000-1500 աշխատատեղ ստեղծել

Տավուշում տեքստիլ արտադրող ընկերությունն առաջիկայում մտադիր է 1000-1500   աշխատատեղ ստեղծել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում. ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարաչությունը։

Ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլի» արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145,000 դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում՝ Ռուսաստան և Վրաստան:

Ծրագրվում է 2018-ին արտահանման ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է մոտ $10 մլն-ի ներդրում:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800,000 եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ: Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---