Տոնոյանն ու Շոյգուն կարևորել են ռազմատեխնիկական ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը

Տոնոյանն ու Շոյգուն կարևորել են  ռազմատեխնիկական  ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. կարևորել է ռազմատեխնիկական ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։

Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրի պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։

Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։ Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։

Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

Այցի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌԴ զինված ուժերի զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում և հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի հետ:

Մտքեր են փոխանակվել ռազմահայրենասիրական դաստիարակության և առողջ ապրելակերպի գործում երիտասարդների ներգրավման և մասնակցության փորձի վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կենտրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման փորձով և պատրաստակամություն հայտնել օգնելու ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---