Դեսպան. Սիրիայում իրավիճակը կայունանում է

Դեսպան. Սիրիայում իրավիճակը կայունանում է

PanARMENIAN.Net - Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված, հայտնում է ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում գործակցության մասին 2018-2021 թվականների համար» ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է:

Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ: Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է և անվտանգության, և կրթական միջավայրի առումով:

Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---