7 մայիսի 2008 - 21:26 AMT
Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Վլադիամիր Պուտինի թեկնածությունը: Մեդվեդեւը համապատասխան նամակ է հղել Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին ՌԴ Սահմանադրության 111 հոդվածի 2 մասի համաձայն:

Դեռեւս 2007 թվականի դեկտեմբերի 11-ին Մեդվեդեւը, այն բանից հետո, երբ չորս կուսակցություններ առաջարկեցին նրա թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, խնդրեց Վլադիմիր Պուտինին վարչապետ դառնալ ընտրություններում իր հաղթանակի դեպքում: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Պուտինը համաձայնվեց գլխավորել նախարարների կաբինետը: Չորեքշաբթի Կրեմլում տեղի կունենա Պուտինի հանդիպումը Դումայի խմբակցությունների եւ միավորումների հետ: Հինգշաբթի Պետդուման նախատեսում է քննարկել Վ.Պուտինի թեկնածությունը: Եթե Պետդուման հաստատի Պուտինի թեկնածությունը, նա պետք է մեկ շաբաթվա ընթացքում նախագահին առաջարկի գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի մասին առաջարկները, ինչպես նաեւ կառավարության նախագահի տեղակալների եւ դաշնային նախարարների պաշտոնների թեկնածուներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: