ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման համար

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության առավել խորացման խնդիրը, որը ժողովրդի գիտակցված ընտրությունն է, եւ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու, ՀՀ ԱԳ նախարարը արժանին մատուցեց Եվրոպայի խորհրդին, կազմակերպության Նախարարների կոմիտեին, Խորհրդարանական վեհաժողովին եւ Մարդու իրավունքների հանձնակատարին ցուցաբերած աջակցության համար:





«Մենք անցել ենք որոշակի ճանապարհ, բայց գիտակցում ենք, որ դեռեւս շատ անելիքներ կան եւ հավատացած ենք, որ անհրաժեշտ ջանքեր գործադրելով, մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, ավելի հաստատակամորեն կշարունակենք բարեփոխումները, ոչ թե միայն այն բանի համար, որ պարտավորություններ ենք ստանձնել կամ այդպես են կամենում մեր բարեկամները, այլ որ դա Հայաստանի ղեկավարության եւ ժողովրդի գիտակցված ընտրությունն է, հայտարարեց Է. Նալբանդյանը: Այդ նպատակով, շարունակեց նա, նորընտիր նախագահը հստակորեն պատրաստակամություն է հայտնել հասարակությանն առավել ներգրավելու քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների գործընթացին` հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակությանը համատեղելու իրենց ջանքերը»,-հայտարարել է Է.Նալբանդյանը:



Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն այնուհետեւ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին: Վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ առկա գործընթացը շարունակելու վերաբերյալ` նախարարը հայտնեց, թե Մադրիդի նախարարական հանդիպմանը հակամարտության լուծման համար համանախագահների ներկայացրած առաջարկները հնարավորություն են ընձեռնում լուծումներ գտնելու համար:



Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում Վարշավայի գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքներին: Նա ողջունեց նաեւ ԵԽ-ի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ համագործակցությունը անցյալ տարի Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Հուշագրի հիման վրա:



ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց կազմակերպության ջանքները` ուղղված միջմշակութային երկխոսությանը, որը կնպաստի ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանը, խաղաղությանը եւ կայունությանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---