13 մայիսի 2008 - 18:59 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է «խաղաղություն» անվանել
Կարեւոր է ոչ թե հենց Բիշկեկի արձանագրությունը, այլ այն, որ 14 տարի է հակամարտության կողմերի միջեւ հրադադար է տիրում, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է անվանել «խաղաղություն»: «Ես համաձայն չեմ, որ ասում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Եթե չեն կրակում, նշանակում է խաղաղ գործընթաց է: Բիշկեկի արձանագրությունը փաստաթուղթ էր, որը ամրագրում էր դրությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գծում 1994 թվականին: Եւ այդ դրությունը պահպանվում է մինչ օրս»,- նշել է Իսկանդարյանը:

1994 թվականի մայիսի 12-ին կնքվել է Բիշկեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Պավել Գրաչյովն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը այդ պահին չստորագրեց. նրան շտապ կանչել էին Բաքու: Ավելի ուշ ադրբեջանական կողմը փաստաթուղթն ստորագրեց Բաքվում, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկար ժամանակ հրադադար հաստատվեց: