Կոնգրեսական Կոստան խնդրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածուին արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ջիմ Կոստան նամակ է հղել Մարիա Յովանովիչին, որի թեկնածությունը Սպիտակ տունն առաջարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Նամակում կոնգրեսականը խնդրում է դիվանագետին իր տեսակետը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ-ի դեսպանությունը դեսպան ունենա Երեւանում, սակայն մինչ Սենատը հավանություն կտա դեսպանի թեկնածությանը, ինձ եւ իմ ընտրողների համար չափազանց կարեւոր է իմանալ, թե ինչպես է նա վերաբերվում XX դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց ցեղասպանությանը»,-ընդգծել է կոնգրեսականը:



Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի (ANCA-WR) գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանի խոսքերով, «Երեւանում դեսպանի պաշտոնի համար Ռիչարդ Հոգլանդի առաջադրման հետ կապված իրադարձությունների լույսի ներքո, Ամերիկայի հայ համայնքը ողջունում է կոնգրեսական Կոստայի նախաձեռնությունը»: «Անհրաժեշտ է, որ Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը համաձայնվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է Կզիրյանը:



Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը` անվանելով այն «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց եւ պաշտոնանկ արվեց այն պատճառով, որ Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդն անվանեց Ցեղասպանություն, ինչն հակասում է պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությանը:



Ներկայումս Մարիա Յովանովիչը ԱՄՆ դեսպանն է Ղրղզստանում: Մարտի 28-ին Ջորջ Բուշն առաջադրեց նրա թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Ըստ ԱՄՆ սահմանադրության, նա պետք է ստանա Սենատի արտաքին գործերի կոմիտեի հավանությունը, որից հետո հաստատվի Սենատում: Սակայն Ռոբերտ Մենենդեսն արդեն իսկ հայտարարել է, որ կրկին կարող է վետո դնել, եթե Յովանովիչը հրաժարվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---