Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվել է ամբողջությամբ

Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվել է ամբողջությամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Օգոստոսի 28-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը գրեթե միաձայն կողմ քվեարկելով՝ 68 կողմ, 1 դեմ:

Նախատեսվում է Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնել:

Մինչ քվերակությունը մտքերի փոխանակության ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասել է. «ՀՀ բոլոր կառավարությունների դժբախտությունը կայացել է նրանում, որ փորձել են լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր։ Այս հարցն էլ նայում եմ այդ ենթատեքստում։ Բերվել է հարց՝ գյուղացիներին ջուր տալ, թե չտալ, ու ժողովրդի ասած՝ բերաններս ինչ է, որ ասենք չենք տալիս»։

Պատգամավորը նշել է, որ ուզում է, որ այս կառավարությունը բյուջեի նախագծի հետ միասին, բյուջեի ուղերձում ունենա 15 տարվա ծրագիր, որտեղ նշված կլինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը։

ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ վարման կարգով նշել է. «Եթե ես չտեսնեի այն դաշտերը, այն գյուղացիներին, ովքեր ջուր չունեին, ես դեմ կքվեարկեի, բայց տեսել եմ նրանց և չեմ կարող կողմ չքվեարկել»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու ոռոգման խնդրի լուծման տարբերակներ: Վարչապետը նշել էր. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---