15 մայիսի 2008 - 15:00 AMT
Ժակ Շիրակը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով
Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի Հանրապետության կառավարություն, իբրեւ արտաքին գործերի նախարար: Հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն այդ առթիվ: Այն ճանաչումն է Ձեր տաղանդների, որոնք ես հնարավորություն եմ ունեցել գնահատել որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Ֆրանսիայում Ձեր պաշտոնավարության ողջ ընթացքում: Հիրավի, Դուք արտակարգ դինամիզմով եւ էներգիայով եք գործել հանուն հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ վճռորոշ դեր եք ունեցել այն սերտ եւ ինտենսիվ կապերի ձեւավորման գործում, որոնք բնորոշ են այսօր մեր երկրների միջեւ հարաբերություններին:

Հղելով Ձեզ հաջողության իմ լավագույն բարեմաղթանքները Ձեր նոր պատասխանատու առաքելության մեջ` խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախարար, իմ խորին հարգանքների եւ սրտագին բարեկամական զգացմունքների հավաստիքը», - իր նամակը եզրափակել է Ժակ Շիրակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: