Յըլդըրըմ. Հայ-թուրքական կարգավորման համար պետք է լուծվեն ՀՀ և Ադրբեջանի միջև հարցերը

Յըլդըրըմ. Հայ-թուրքական կարգավորման համար պետք է լուծվեն  ՀՀ և Ադրբեջանի միջև հարցերը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերով, եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, գրում է Ermenihaber-ը։

Առաջ քաշելով «օկուպացված տարածքների» մասին թուրք-ադրբեջանական անհիմն թեզերը՝ Յըլդըրըմն ասել է. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկը մյուսից չենք տարանջատում։ Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախևառաջ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը։ Թուրքիան էլ այդ ժամանակ կկարգավորի հարաբերությունները։ Հակառակը քիչ հավանական է։ Ադրբեջանի հողերը Հայաստանի կողմից օկուպացված են։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի»։

Նա հավելել է, թե պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, իսկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ուրիշ միացյալ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է աշխատեն այս հարցը լուծելու համար։

«Զուր է սպասել, թե առանց այդ հարցերը լուծվելու, հարաբերությունները կվերադառնան իրենց բնականոն ընթացքին։ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է անարդյունավետ կառույցի։ Այն արդեն անհույս է միջազգային հարցերը լուծելու հարցում։ Պատճառը՝ ՄԱԿ-ի կառուցվածքն է։ Այդ կառուցվածքով խաղաղություն ապահովել հնարավոր չէ։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայել, որպեսզի տարածաշրջանում և ողջ աշխարհում հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել»,-ասել է Բինալի Յըլդըրըմը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Այդ Թուրքիան է փակել սահմանը Հայաստանի հետ: Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել: Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանը բացելու մասին»,-ասել է վարչապետը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---