Արշակունյացի և Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակ կա. Ֆրանսիական ընկերությունն է նախագծել

Արշակունյացի և Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակ կա. Ֆրանսիական ընկերությունն է նախագծել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները:

Նախագծի տարբերակները խորհրդին ներկայացրել է «Էգիս ինթերնեյշնլ» ֆրանսիական ընկերության նախագծման թիմի ղեկավար, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռիչարդ Թադանին:

Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը ներկայում գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը:

Խորհրդի անդամները նախագծի տարբերակների վերաբերյալ հնչեցրել են իրենց տեսակետները, ծավալվել է մասնագիտական քննարկում: Լսելով կողմերի կարծիքներն ու դիտարկումները` որոշվել է նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամներին ներկայացնել ավելի մանրամասն տեղեկատվություն և հաշվարկներ, առաջիկայում էլ շարունակել քննարկումները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ինչպես նաև խորհրդի անդամներն ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---