Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի օր: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:

Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, որն անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին, քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարևոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդը:

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարևորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը ևս Ֆրեզնոյի համար կարևոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,-նշել է նա:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաև Երևանի քաղաքապետարանի համար և այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր:

«Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասել է Հակոբ Հակոբյանը:

Օգոստոսի 31-ին նշվում է մեծանուն գրողի 110-ամյակը, իսկ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու և այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է:

Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---