Չարաշահումներ՝ Qatar Airways-ի հայաստանյան մասնաճյուղում. Քրգործ է հարուցվել

Չարաշահումներ՝ Qatar Airways-ի հայաստանյան մասնաճյուղում. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ 2016 թվականի մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղ» ընկերությունների միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝ Qatar Airways ընկերության կանոնավոր չվերթների տոմսերի ավելացմանն ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար:

Պարզվել է, որ նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել կնքելու նշված պայմանագիրը՝ առանց Qatar Airways ընկերության գիտության և թույլտվության: Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու փաստը թաքցրել է Qatar Airways ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:

2016թ. մայիսից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա «Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է $242,000, սակայն կատարված աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, Qatar Airways ընկերությանն առերևույթ գույքային և գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---