16 մայիսի 2008 - 15:08 AMT
ՄԱԿ. Հայաստանը դեմ է քվեարկել Աբխազիայում փախստականների վիճակի մասին բանաձեւին
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ հավանություն տվեց Աբխազիայից փախստականների եւ տեղահանվածների դրության մասին բանաձեւը:

Փաստաթղթին հավանություն են տվել 14 պետություններ: 11-ը քվեարկել են դեմ եւ 105-ը ձեռնպահ են մնացել: Այնտեղ ասվում է, որ անհրաժեշտ է մշակել բոլոր փախստականների եւ տեղահանվածների Աբխազիայի իրենց տները արագ կամավոր վերադառնալու ժամանակացույց:

«Գլխավոր վեհաժողովը ճանաչում է բոլոր փախստականների եւ տեղահանվածների ու նրանց ժառանգների Աբխազիա վերադառնալու իրավունքը անկախ նրանց ազգային պատկանելությունից»,-ասվում է բանաձեւում: Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում Աբխազիայի հակամարտության արդյունքում առաջացած դեմոգրաֆիական փոփոխություններով: Բանաձեւը կարեւորում է փախստականների եւ տեղահանվածների գույքային իրավունքների պահպանումը` ներառյալ «էթնիկ զտման» զոհերին»:

ԳՎ-ն կոչ է արել «բոլոր անդամ պետություններին թույլ չտալ, որ իրենց իրավասության տակ գտնվող անձինք ցանկացած գույք ձեռք բերեն Աբխազիայի տարածքում` խախտելով վերադարձող անձանց իրավունքները»:

Այն երկրները, որոնք հավանություն են տվել վրացական նախագծին, կազմում են ՄԱԿ-ի անդամ երկրների ընդհանուր թվի միայն 7 տոկոսը, սակայն դրանց թիվը երեքով ավելին էր, քան հակառակորդներինը: Վրաստանին աջակցած 13 երկրների թվում են` Ալբանիան, Ադրբեջանը, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան, ԱՄՆ-ն ու Ուկրաինան:

Ռուսաստանը դեմ է եղել վրացական նախագծին` համարելով, որ դա կհանգեցնի վրաց-աբխազական հակամարտության նոր սրացման: Ռուսաստանի դիրքորոշմանը սատարեցին եւս 10 պետություն` Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Իրանը, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը, Մյանման, Սերբիան, Սիրիան, Սուդանը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

ՄԱԿ-ի ԳՎ բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ, չունեն իրավաբանական ուժ եւ պարտադիր չեն կատարման համար: