16 մայիսի 2008 - 15:38 AMT
Հայաստանը զգուշավոր քաղաքականություն է վարում Իսրայելի հանդեպ
Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը ստիպում են Հայաստանին, որը չունի իր տարածքում ազդեցիկ հրեական համայնք, զգուշավոր քաղաքականություն վարել հրեական պետության հետ: Այդ մասին գրում է Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների հարցերի բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը «Իսրայել` կովկասյան հեռանկարներ» հոդվածում: Ըստ նրա, Իսրայելին ակնհայտորեն ձեռնատու չէ Իրանի համագործակցությանը Հայաստանի հետ, առավել եւս որ Հայաստանում կան Թեհրանի հետ մերձեցման ազդեցցիկ կողմնակիցներ: «ԱԳ նախարարությունների առաջին լուրջ շփումները եղան միայն 1990-ականների վերջում: Երկկողմ հարաբերությունների հետխորհրդային շրջանում եղել են նաեւ դրամատիկ շրջաններ: 2002թ. Իսրայելի դեսպանը Վրաստանում` Ռիվկա Կոենը հրապարակայնորեն հրաժրվեց դիտարկել 1915թ. ողբերգությունը որպես Հայոց ցեղասպանություն: Եթե խոսենք Մերձավոր Արեւելքի մասին, ապա Իսրայելում շատերին դուր չի գալիս հայկական ԶԼՄ-ների դիրքորոշումը` 2006 լիբանանյան արշավի եւ 2000թ. Ալ-Աքսայի ինտիֆադայի լուսաբանման հարցում: Այնուամենայնիվ, 2005թ. Իսրայել այցելեց 80 հոգուց կազմված հայկական պատվիրակությունը, որոնց թվում էին նաեւ ՀՀ այժմյան նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ Իսրայելում 2000 թ. ի վեր նախաձեռնվեց «Իսրայել-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խումբը: Նրա առաջին նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի խոսքերով, «Իսրայելն ու Հայաստանը կարող են գործընկերներ դառնալ բարձր տեխնոլոգիաների մշակման եւ իրացման գործում: Անհրաժեշտ է օգտագործել այն փաստը, որ Իսրայելը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում հայ-տեկի արտահանման գծով, իսկ Հայաստանը միշտ հայտնի է եղել իր էլեկտրոնային ոլորտի մասնագետներով եւ ծրագրավորողներով»,-ասում է Մարկեդոնովը, գրում է politcom.ru-ն: