Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է 2017-ի լավագույն ստեղծագործություն

Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է 2017-ի լավագույն ստեղծագործություն

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը Բուլղարիայում ճանաչվել է 2017թ. լավագույն ստեղծագործություն, իսկ 2017թ. Բուլղարիայում վաճառված գեղարվեստական գրքերից ամենաշատ ընթերցվածները Նարինե Աբգարյանի հեղինակած գրքերն են:

Այդ մասին հայտարարվել է Սոֆիայի Հայոց տանը «Երևան» կազմակերպության և բուլղարական «Լաբիրինթոս» հրատարակչության նախաձեռնությամբ մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր գրողի հետ կազմակերպված հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, գրականության և արվեստի գործիչներ, բազմաթիվ ընթերցասերներ: Միջոցառմանը մասնակցել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի Բերդ քաղաքում ծնված և մեծացած, ապա 1993-ից Մոսկվայում բնակվող ստեղծագործող Նարինե Աբգարյանի անցած ստեղծագործական ուղին, բուլղարացիների համակրանքը վայելող հայազգի արձակագրի երկերը, որոնք վերոնշված հրատարակչության կողմից թարգմանվել են բուլղարերեն:

Իր խոսքում Նարինե Աբգարյանն անդրադարձել է իր մանկության տարիներին՝ ներկայացնելով հիշողություններ, որոնք հետագայում իր գրքերի հիմքն են հանդիսացել: Նա պատմել է ցեղասպանություն վերապրած իր նախնիների մասին, հիշատակեց Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերը, հայտնում է ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչությունը:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ արձակագիրը ներկայացրել է իր աշխատանքային և ստեղծագործական ճանապարհը՝ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելով իր գրքերի ստեղծման, դրանց առանձին դրվագների, հերոսների նախատիպերի մասին:

Հանդիպման մասնակիցները հատվածներ են ընթերցել հեղինակի գրքերից: Սեպտեմբերի 5-7-ը Նարինե Աբգարյանի հետ հանդիպումներ կկազմակերպվեն Բուլղարիայի Պլովդիվ, Ստարա Զագորա և Բուրգաս քաղաքներում:

2016-ին Նարինե Աբգարյանը «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար արժանացել է «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին:«Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի ու նրա բնակիչների մասին` մի քիչ տարօրինակ, մի քիչ փնթփնթան, բայց ոգու իսկական գանձեր կրող:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---