Փաշինյան. Բանակցություններին ամենից շատ խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունները

Փաշինյան. Բանակցություններին ամենից շատ խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունները

PanARMENIAN.Net - ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ վարաչպետը ցանկանում է խափանել բանակցությունները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «հակասական հայտարարություններով ձգտում է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»:Ալիևը հայտարարել է նաև, որ ընդունելի չէ Փաշինյանի այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Փաշինյանը նշել է, որ բազմիցս պատրաստակամություն է հայտնել ներգրավվել լիարժեք բանակցային գործընթացի մեջ և ասել, որ իրավասու է համարում իրեն բանակցել ՀՀ անունից, քանի որ ՀՀ վարչապետն է: «Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։

Փաշինյանը հիշեցրել է, որ հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն առաջարկել է իրեն ու Ալիևին ծանոթացնել. «Ես առաջարկն ընդունեցի, մենք ծանոթացանք, որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ։ Կարծում եմ, եթե մենք հրաժարվեինք որևէ կառուցողական առաջարկ քննարկել, հենց ի սկզբանե կսկսեինք»։

«Իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի հանրապետության անունից, քանի որ Արցախի նախագահը և վարչապետը չեմ։ Շատ կարևոր է արձանագրել, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ում իշխանության ձևավորմանը, քանի որ նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, իրենց կառավարությունն ու ԱԺ-ն, նախագահը, որը և իրավասու է բանակցել ԼՂՀ անունից»,- ասել է նա։

Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, և այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը։

«Շատ պարզ հարց ենք դնում մենք։ Մենք ասում ենք, ուղղակի բանակցելու՞, թե՞ հարցը լուծելու համար։ Եթե բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք պատկերացնում հարցի լուծումը, առանց հակամարտության կողմի։ Քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել ընդհանրապես հարցի կարգավորմանը»,- նշել է Փաշինյանը։

Ալիևը ասել է նաև, թե Ադրբեջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «Փաշինյանը ձգտում է խափանել բանակցային գործընթացը»: «Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---