Փաշինյան. Չնայած հեղափոխությանը՝ հայկական դրամը կայուն է

Փաշինյան. Չնայած հեղափոխությանը՝ հայկական դրամը կայուն է

PanARMENIAN.Net - Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը չնայած Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպմանը, որոնք Հայաստանում են ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ԵՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

ԵՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ԵՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---