Շվեյցարիայի նախագահը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին

Շվեյցարիայի նախագահը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտնել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված շնորհավորական ուղերձում:

Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաև Ձեզ ցանկալ առողջություն և հաջողություն:

Ուզում եմ վերահաստատել այն կարևորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության և բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել»:

Ուղերձում նշվում է, որ Շվեյցարիան մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները և մշակութային ու լեզվական բազմազանությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»,-ասվում է ուղերձում:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---