Ընտրախախտումներ՝ ԲՀԿ-ականների մասնակցությամբ. Վստահված անձը քաշքշուկ է սկսել

Ընտրախախտումներ՝ ԲՀԿ-ականների մասնակցությամբ. Վստահված անձը քաշքշուկ է սկսել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է մի շարք խախտումներ։

Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը: Դիտորդական խմբի պահանջով տարածքում սեղաններից կառուցվել է «պատվար», վստահված անձինք, դիտորդները և հանձնաժողովի անդամները հեռացվել են պատշաճ հեռավորության վրա: Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում:

Նույն ընտրատեղամասում ավելի ուշ ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է:

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:

Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ:

Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ–որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։

Մի շարք դեպքեր են գրանցվել նաև՝ կապված դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ:

Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ոստիկանություն կկանչի միայն այն բանի համար, որ դիտորդը, իր խոսքով, չարաշահել է լիազորությունները՝ նստելով հանձնաժողովի նախագահի աթոռին։ Շրջիկ խումբ է ուղարկվել, և ժամը 19:00–ի դրությամբ ոստիկանություն չի հրավիրվել։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը դեռ առավոտից ուշադրության կենտրոնում է պահել դիտորդին նրա տարբերվող արտաքինի պատճառով։ Նույն դիտորդը նկատել է խախտում, երբ քվեախցիկում երկու մարդ է եղել: Երբ փորձել է արձանագրել, հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, ապա վերջինս շարունակել է հոգեբանական ճնշում գործադրել և վիրավորանքներ հնչեցնել դիտորդի հասցեին: Ընդհանուր առմամբ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում դիտորդը չի կարողացել շարունակել աշխատանքն ու հեռացել է ընտրատեղամասից։

Շենգավիթ վարչական շրջանի 8/29 ընտրատեղամասում ևս լարված մթնոլորտ է առաջացել։ Հանձնաժողովի նախագահը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել դիտորդի հասցեին, ապա ոստիկանության աշխատակցին հրահանգել բացատրություն վերցնել դիտորդից՝ իբր վերջինս կեղծ ահազանգ է տվել։ Ոստիկանության աշխատակիցը հանձնաժողովի նախագահի հրահանգով փորձել է բացատրություն վերցնել, սակայն դիտորդը հրաժարվել է։ Հանձնաժողովի նախագահն այնպիսի սպառնալիքի մթնոլորտ է ստեղծել, որ դիտորդը նույնիսկ չի կարողանում խախտումների մասին գրառումներ կատարել գրանցամատյանում։

Ավելի վաղ,Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն ագրեսիվ պահվածք է դրսևորել հանձնաժողովի նախագահի հանդեպ, հայտնում է «Անկախ դիտորդ» դաշինքը:

Ընթերցեք նաև՝«Ակնոցդ կջարդեմ», «Ես էն տղեն չեմ, որ բեյջ կրեմ». ԲՀԿ-ի վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահին»։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբում ոստիկաններին նկատմամբ գործադրված բռնության դեպքի առթիվ:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---