ՀՀ նախագահը Ֆրանսիայում ներդրումների ներգրավման հարցեր է քննարկել

ՀՀ նախագահը Ֆրանսիայում ներդրումների ներգրավման հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ( այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet և Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, որը օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) գկազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաև երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times և ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների և ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության և ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---