ԱԺ նախագահը Բեռնում կարևորել է ՀՀ-Շվեյցարիա ուղիղ չվերթի անհրաժեշտությունը

ԱԺ նախագահը Բեռնում կարևորել է ՀՀ-Շվեյցարիա ուղիղ չվերթի անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առևտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ հանդիպմանը:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում է պաշտոնական այցով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարևորության մասին:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև և գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:

Հանդիպման ավարտին կողմերն առկա բարենպաստ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---