Ֆրանսիայի դեսպան. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր է ինչպես ՀՀ, այնպես էլ Ֆրանսիայի համար

Ֆրանսիայի դեսպան. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր է ինչպես ՀՀ, այնպես էլ Ֆրանսիայի համար

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող «Ֆրանկոֆոնիայի ավան» տաղավարի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսին։

Նա հավելել է, որ 2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն, որոնց մեծ մասը Հայաստանում դեսպանություններ չունեն ու բացահայտելու են Հայաստանն առաջին անգամ, հայտնում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 7-ից մեկ շաբաթ շարունակ Երևանը լինելու է Ֆրանկոֆոնիայի կենտրոնում։ Դեսպանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի համար այն առաջնային է, այլ նաև, որ Մակրոնը Հայաստանում կլինի նաև պետական այցով։ Դեսպանը նշել է, որ հոկտեմբերի 11-12-ին Մակրոնը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որից առաջ էլ Հայաստանում կլինի երկկողմ այցով, սակայն Մակրոնի՝ Հայաստան ժամանելու օրը դեռևս հստակ չէ։

«Գագաթնաժողովը մի կողմից, բայց Մակրոնի այցը շատ ինտենսիվ օրակարգ է բերում Հայաստանի ու Ֆրանսիայի համար։ Սակայն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջև հանդիպում է, այլ նաև տոն է։ Ֆրանսիան ցանկանում է ներկայացնել ֆրանսերենը՝ իր բոլոր տարրերով»,-ասաց դեսպանը։

Քաղաքական օրակարգից բացի հոկտեմբերի 7-12-ը մայրաքաղաքի կենտրոնում գործելու է «Ֆրանկոֆոնիայի ավանը», որում 20 երկրների տաղավարների շարքում իր տեղն է ունենալու Ֆրանսիայի տաղավարը։ Տաղավարներ են ունենալու նաև Բելգիան, Շվեյցարիան, Աֆրիկյան երկրները, որոնք բաց են ինչպես հայաստանցիների, այնպես էլ այդ ժամանակահատվածում Հայաստանում գտնվող հազարավոր հյուրերի համար։

«Տաղավարի միջոցով ուղարկվող մեսիջն այն է, որ Ֆրանսերենը հնարավորությունների լեզու է։ Ֆրանսերենը ոչ միայն Ֆրանսիայի, այլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բոլոր 84 երկրների լեզուն է, որով խոսում է մոտ 280 մլն մարդ՝ 5 մայրցամաքներում։ Ֆրանսերենը մեկն է այն 2 լեզուներից, որով խոսում են բոլոր մայրցամաքներում»,-ասել է Ժոնաթան Լաքոտը։

Ֆրանկոֆոնիայի ավանում Ֆրանսիայի տաղավարն ուղղված է լինելու հանրության տարբեր սեգմետներին. Լինելու են տնտեսական, մշակութային, մեդիա, տեխնոլոգիական և կրթական բազմաթիվ միջոցառումներ։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---