28 մայիսի 2008 - 19:05 AMT
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում
Մայիսի 28-ին Բրյուսելում գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին 26+1 (ՆԱՏՕ-ի անդամ երկրներ + Հայաստան) ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամռո ծառայությունը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ խորհրդի նիստին քննարկվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գնահատաման փաստաթուղթը:

Ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԳԳԾ-ն որպես Դաշինքի հետ համագործակցության առաջնորդող ձեւաչափ: Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին ներկայացրեց Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու վերաբերյալ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերություները իր հարեւանի հետ, ինչը նաեւ բխում է ԱԳԳԾ-ում ամրագրված դրույթներից:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում ներկայացրեց պաշտպանության բնագավառում բարեփոխումների ընթացքը, ռազմական անվտանգության ռազմավարական վերանյման ոլորտում ձեռնարկվելիք քայլերը, փոխգործունակ կարողությունների զարգացման ուղղված միջոցառումները: Նախարար Օհանյանը անդրադարձ կատարեց նաեւ պաշտպանական բնագավառի օրենսդրական փոփոխություններին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը նախատեսված ժամկետներում կատարել է ԱԳԳԾ-ով համաձայնեցված նպատակները եւ իրենց երկրների անունից պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացին:

Գնահատման արդյունքների հիման վրա կձեռնարկվեն քայլեր Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում համապատասխան լրամշակում կատարելու նպատակով: