30 մայիսի 2008 - 16:19 AMT
ՎՈՒԱՄ-ը փորձում է ստանալ «լուրջ խաղացողների» աջակցությունը «սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւի ընդունման համար ՄԱԿ-ում
ՎՈՒԱՄ-ի երկրները մտադիր են ստանալ «լուրջ խաղացողների» աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով ՎՈՒԱՄ տարածքում առկա «սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւի ընդունման համար: Այդ մասին ուրբաթ օրը Բաքվում լրագրողներին ասել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Մենք մտադիր ենք այս անգամ ստանալ ՄԱԿ-ի անդամ-երկրների մեծամասնության, ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների կարգավորումների հարցում «լուրջ խաղացողների» աջակցությունը»,- ասել է Չեչելաշվիլին: ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ այս անգամ Վրաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին ու Մոլդովային կհաջողվի հավաքել ձայների մեծամասնությունը Գլխավոր վեհաժողովում բանաձեւի քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով, այսօր ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրները շարունակում են համբերատար կերպով բացատրել բանաձեւի նախագծի էությունը ՄԱԿ-ի անդամ-երկրներին: «Ադրբեջանի օկուպացված տարածքների եւ Աբխազիայում իրադրության վերաբերյալ վերջին երկու բանաձեւերի ընդունումը ՄԱԿ-ում խոսում են այն մասին, որ մեր դիրքորոշումը աշխարհում ամրանում է»,- ասել է Չեչելաշվիլին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

«ՎՈՒԱՄ անդամ-երկրների տարածքում սառեցված հակամարտությունների մասին» բանաձեւի նախագիծը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին, որը կանցնի սեպտեմբերին Նյու-Յորքում: