ՀՀԿ-ն պահանջում է նոր ընտրությունները մայիս-հունիսին անցկացնել

ՀՀԿ-ն պահանջում է նոր ընտրությունները մայիս-հունիսին անցկացնել

PanARMENIAN.Net - 2018-ի հոկտեմբերի 2-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են ԱԺ բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Այդ մասին ասվում էՀանրապետական կուսակցության խմբակցության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։

Նշվում է, որ առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչև վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որևէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որևէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի և առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

«Թեև նման օրենքը հարիր է ցանկացած ժողորդավարական հասարակության և, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով հոկտեմբերի 2-ի առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։ Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ և քվեարկել նշված օրենքի նախագիծը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին

«Ինչ վերաբերում է հոկտեմբերի լույս 3-ի գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դեկտեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաև այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որևէ երկխոսության հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ ։

Նշվում է, որ այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019-ի մայիս-հունիս ամիսներին։

«Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը:

Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»,-ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարության մեջ։

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում հարց ու պատաախսանի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ տվել է հետևյալ տրամաբանությունը, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:«Ես նաև ասել եմ մեխանիզմի մասին, և ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են երկրում առկա քաղաքական իրավիճակը և կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն ավելորդ կլինի»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---