Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հետևանքների մեղմումն է քննարկվում

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հետևանքների մեղմումն է քննարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԺ-ն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենք է ընդունել:

Կարծիքներ են հնչել, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է ներկայացնել խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի դրույթներին։ Նա պատրաստակամություն է հայտնել օբյեկտիվ և իրատեսական առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

ԱԺ-ի ընդունած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» օրենքով սահմանվել է դրույթ, որի համաձայն աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառման և ներմուծման արգելքը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---