31 մայիսի 2008 - 14:42 AMT
Չուսումնասիրված լինելու առումով Ղարաբաղը բարդ հետբախումնային դեպքերից է
Ֆրանսիայի Oxford brookes եւ Paris 12 համալսարանների դասախոսներն ու ուսանողները գտնվում են Լեռնային Ղարաբաղում` հետբախումնային պետությունների խնդիրները ուսումնասիրելու նպատակով: Խմբի ղեկավար Բրիջիթ Փիկվարդն արդեն երրորդ անգամն է Ղարաբաղում: Ըստ նրա, ուսումնասիրությունները զուտ տեսական բնույթ չեն կրում: Նրանք կարող են ունենալ նաեւ կիրառական նշանակություն, եթե Ղարաբաղի իշխանությունները ցանկանան օգտվել դրանցից: «Չուսումնասիրված լինելու առումով Ղարաբաղը բարդ հետբախումնային դեպքերից է»,-ասել է Բրիջիթ Փիկվարդը:

Ուղեւորության նպատակն է գործընկերային հարաբերությունների ստեղծումը, ինչպես նաեւ, խաղաղ շինարարության եւ վերակառուցման ուղիների ուսումնասիրման գրասենյակի ստեղծումը: Հետազոտություններն անց են կացվում Շուշիում, որն ամենաշատն է տուժել ղարաբաղյան պատերազմից: Մի քանի օրվա աշխատանքի արդյունքում արդեն իսկ մի շարք դիտարկումներ են արվել: Առաջինը` հարցվածները նշում են Շուշիի վերականգնման գործում առաջխաղացումը, 3 տարվա վաղեմության համեմատ: Մարդիկ ողջունում են այդ նվաճումները, հատկապես, պատմական շենքերի վերականգնումը:

Սակայն, ինչպես նկատել են ուսանողները, Շուշիի բնակիչները քաղաքի զարգացումը կապում են զբոսաշրջության հետ: Մի շարք հետբախումնային պետություններ ուսումնասիրած երիտասարդ գիտնականները զգուշացնում են, որ զբոսաշրջությունը կարող է գլոբալ ագրեսիայի վերածվել: Նրանք առաջարկում են կողմնորոշվել ոչ թե զբոսաշրջային բիզնեսի, այլ սոցիալական ոլորտի զարգացման վրա, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: