
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, որ Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել այդ տարբերակը, բայց այսօր մեր օրակարգում նման հարց չունենք։ Մենք բազմիցս ասել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ չի կարող դրվել», - ասել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խմբակցությունը ժամկետների հետ կապված խնդիր էր տեսնում՝ Համբարձումյանն ասել է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետն էլ ինքնանպատակ չպետք է դիտարկել։ Մենք մշտապես արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կապել ենք այն անհրաժեշտ քայլերի և գործողությունների հետ, որոնք ձեռք են բերվել քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում և ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում։
Դեկտեմբերի հետ կապված մեր մտահոգությունը պայմանավորված է հենց դրանով, որ իրատեսական չենք համարում մինչև դեկտեմբեր այն քայլերի և գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտաբար պետք է նախորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ասել է Համբարձումյանը։
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության 8 և Թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած 8 պատգամավոր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրել:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։