Ալիև. «Հայկական կողմի փորձերն ապարդյուն էին՝ ԼՂ հարցով բանակցում են ՀՀ-ն և Ադրբեջանը»

Ալիև. «Հայկական կողմի փորձերն ապարդյուն էին՝ ԼՂ հարցով բանակցում են ՀՀ-ն և Ադրբեջանը»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ «հայկական կողմի փորձերն ապարդյուն էին՝ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Ըստ Ալիևի, դա ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների ԱԳ նախարարների 2 հանդիպումը: Նա հավելել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս վկայում են, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում և հակամարտությունը «շուտով կարգավորվելու է միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», հայտնում է Haqqin.az-ը:

Ալիևը հայտարարել է նաև, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր զինված ուժերը՝ «բանակը ամենաարդիական զենքով և տեխնիկայով է ապահովվում և այդ գործընթավը շարունակվելու է»: «Ադրբեջանն ամենաարդիական ռազմատեխնիկան է գնելու, նոր պայմանագրեր են ստորագրվում»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բանակցություններին Արցախի մասնակցությանը, ասել էր, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության ԼՂ հարցի լուծում չի կարող լինել։Նա նշել է, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում Ստեփանակերտը պետք է լիարժեք ներգրավված լինի գործընթացում։«Եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը:...», - ասել է վարչապետը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---