12 հոկտեմբերի 2018 - 12:25 AMT
ԱԳՆ. Աֆրիկյան երկների հետ հարաբերությունների ընդլայնումը ՀՀ առաջնահերթություններից է

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ, հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակրեպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում են եղել նաև ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները:

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: