12 հոկտեմբերի 2018 - 12:54 AMT
Վարչապետը հանդիպել է Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահներին, Քվեբեկի վարչապետին և Վիետնամի փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: